Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Դուբայի լոխոտրոնը

Դուբայի լոխոտրոնը
15.03.2026 | 14:29

Երբ առաջին անգամ 15 տարի առաջ եղա Դուբայում, արդեն իսկ ինձ մոտ առաջացել էին բազմաթիվ հարցեր, ինչ-որ բան այն չէր, արհեստական ու անբնական էր, զուտ ցուցադրական էր:

Այն ժամանկներից հետո Դուբայը միայն ավելի ու ավելի զարգացավ: Աշխարհի տարբեր, հատկապես հետսովետական երկրներից հազարավոր մարդիկ հաստատվեցին Դուբայում, ներդրումներ կատարեցին անշարժ գույքի մեջ: Չնայած, այդ ներդրումների զգալի մասը սև կապիտալ էր, բյուջետային փողեր էին: Դուբայը հարկերից խուսափելու միջոց էր, սանկցիաներից խուսափելու միջոց էր: Նույն Իրանը, գտնվելով սանկցիաների տակ, իր հիմնական ֆինանսական արտաքին շրջանառությունը կատարում էր Դուբայի միջոցով: Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս պրոցեսը արագացավ, Դուբայը Ռուսաստանի համար նույնպես դարձավ սանկցիաներից խուսափելու միջոց, դարձավ ռուս քաղէլիտայի ու օլիգարխների սիրելի հանգրվան, ֆինանսական կենտրոն, համաշարհային պռոստիտուցիայի կենտրոն և այլն:

Իմ ծանոթ ռուս ռիելթորը մի անգամ զարմացած պատմում էր, թե ինչպիսի կլիենտուրա է հետսովետական երկրներից, այդ թվում՝ Հայաստանից գնում Դուբայ: Ասում էր՝ ты даже не представляешь с каких аулов какие персонажи с большими деньгами сюда приезжают, այնպիսի խուլ աուլների ղեկավարներ, տարբեր մանր ու միջին չինովնիկներ են մեծ փողերով գալիս Դուբայ տուն գնելու, որոնց տեսքից երբեք չես ասի, որ սրանք փող ունեն:

Դուբայի, Արաբական Էմիրությունների ձևով սկսվեց Քաթարի փիառը, Դոհան Դուբայից հետո դարձավ կարևոր օդային հաղորդակցության խաչմերուկ, Քաթարը զարմանալիորեն, բացահայտ կոռուպցիոն սխեմաների միջոցով դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնություն հյուրընկալող երկիր:

2016 թվականին, Թրամփի նախագահ դառնալուց հետո, ԱՄԷ-ն Իսրայելի հետ ստորագրեց Աբրահամյան համաձայնագիրը, բանակցությունները շարունակվում էին Քաթարի ու Սաուդյան Արաբիայի հետ: Իսրայելում մեծ աղմուկ բարձրացավ, երբ բացահայտվեց, որ Նեթանյահուն քաթարցի շեյխերից գումարներ է ստացել, այդ գործը կոչվեց «Քաթարգեյթ», որը, սակայն, մինչ օրս չի բացահայտվում, Նեթանյահուն խուսափում է քրեական պատասխանատվությունից:

Ինչևէ, վերադառնանք Դուբային:

Դուբայի հիմնական փիառը վերջին տարիներին կատարվեց բլոգերների միջոցով: Նրանք ցուցադրում էին ճոխ կյանքը, թանկարժեք մեքենաներ, շքեղ տներ ու ռեստորաններ: Պատմում էին իրենց կողմից վաճառված հազարավոր տների ու վիլլաների մասին, իրենց ստացած միլիոնավոր դոլարների մասին:

Երբ մտերիմներս ուղարկում էին այդպիսի վիդեոներ, ես նրանց ասում էի, որ այդ բլոգերները դժվար թե ունեն այն, ինչ ցուցադրում են, դա պարզ հնարք է: Ամենայն հավանականությամբ, նրանց վճարում են կառավարական ֆոնդերը, որպեսզի Գիքորի պես «էստի համեցեք» կանչեն: Առհասարակ, երբ համացանցում հանդիպում եք «անաչառ» բլոգերների, որոնք «բացահայտում» են «Ամազոնի», «Վայլդբերիսի» կամ որևէ կրիպտո արժույթի թաքնված պոտենցիալը, իմացեք, որ նրանց դրա դիմաց վճարում են, ոչ թե հույսը յութուբյան մոնետիզացիան է: Նույն կերպ աշխատում է քաղաքական բլոգոսֆերան:

Բայց բացառություններ, իհարկե, կան;

Երբ գործարար ընկերս, ով հավանաբար կկարդա այս գրառումը, 2023 թվականին ասաց, որ ցանկանում է Դուբայի նորակառույց անշարժ գույքի մեջ ներդրում կատարել, և այդ պրոյեկտի շինարարությունը պետք է ավարտվի 2026 թվականին, ու հարցրեց կարծիքս, ես միանշանակ դեմ արտահայտվեցի, բառացի ասելով հետևյալը.

«2026 թվականին կարող է Դուբայը չլինել»:

Ընկերս զարմացած հարցրեց՝ ո՞նց...

Ի պատասխան ես նկարագրեցի նույն այն իրավիճակը, որն այսօր առկա է: ԱՄՆ-ը ու Իսրայելը հարձակվելու են Իրանի վրա, Իրանը պատերազմի մեջ է ներքաշելու Ծոցի արաբական երկրներին, և «հազար ու մի գիշերվա» հեքիաթն ավարտվելու է:

Ցավոք, դեռ շատ մարդիկ կտուժեն: Բյուջետային ու բազմատեսակ սև փողերի, օլիգարխների կորուստների համար ափսոսալ չարժե, դա ջրի բերած-ջրի տարած էր: Բայց հազարավոր մարդիկ իրենց քրտինքով աշխատած փողը ներդրեցին անապատի վրա կառուցված փուչիկի մեջ:

Այժմ ականատես ենք լինելու կապիտալի ու Դուբայի կյանքը սիրող մարդկանց վերաբաշխմանը: Վերջին հաշվով, այդ տրաֆիկը Դուբայում չէր ստեղծվել, զանազան պատճառներով այնտեղ էր հավաքվել այլ լոկացիաներից:

Էմոցիաներին մի տրվեք ցանկացած ընտրություն կատարելիս՝ լինի քաղաքական ուժ, սննդամթերք, թե անշարժ գույք:

Ի դեպ, հայաստանյան անշարժ գույքի շուկան նույնպես վերածվել է լոխոտրոնի: Բացի նրանից, որ անճաշակ ու անորակ շինարարությամբ ոչնչացվեց Երևան քաղաքը, իսկ մեր բնակչության զգալի մասը հայտնվեց վարկային ծանր բեռի տակ, այս փուչիկը կարող է պայթել իր բոլոր ծանր հետևանքներով:

Արա Արայան

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ